Պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Պենտագոնի կայքից «Defender 2023» զորավարժությունների մասնակիցների ցանկից Հայաստանի «անհետանալու» հանգամանքը։ Armenia Today-ին ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնեց, որ ՀՀ ՊՆ-ն պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության 2 այլ զորավարժությունների։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին»,- նշեց Թորոսյանը:
Ապրիլի 6-ին Պենտագոնի կայքում «Defender 2023» բազմազգ զորավարժության մասին հաղորդագրության մեջ մասնակից երկրների ցուցակում նշված էր նաև Հայաստանը: Որոշ ժամանակ անց, սակայն, ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը խմբագրել էր հաղորդագրությունը, և Հայաստանն այլևս մասնակիցների ցանկում ներառված չէր: