ՀՀ ՊՆ-ն հայտնել է ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները։
«Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝
Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999 թ.)
Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989 թ.)
Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997 թ.)
Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994 թ.)»,-նշվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:
Այսօր ավելի վաղ Armenia Today-ի հետ զրույցում Տեղի բնակիչները հայտնել էին, որ կրակոցների ձայներ են լսել։
Մարտի 30-ի երեկոյան ՀՀ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը Սյունիքի սահմանային հինգ հատվածներում 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել։ Նշվում էր, որ տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ: