Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի: Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարությունը:
Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:
Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի փոփոխություն այս պահի դրությամբ չկա (6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր):
Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում Պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ավելի վաղ Armenia Today-ի հետ զրույցում Տեղի բնակիչները հայտնել էին, որ կրակոցների ձայներ են լսել։
Մարտի 30-ի երեկոյան ՀՀ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը Սյունիքի սահմանային հինգ հատվածներում 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել։ Նշվում էր, որ տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ: