Սուրբ Գայանե վանքում այսօր Սուրբ Պատարագի ավարտից հետո կատարվել է հոգեհանգստյան կարգ` Տեղ գյուղի սահմանային հատվածում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հոգեհանգստյան կարգը կատարվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ:
Մինչ հոգեհանգստյան արարողությունը Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, անդրադառնալով օրերս սահմանային գոտում տեղ գտած ցավալի միջադեպին, եկեղեցականաց դասին և ներկա հավատացյալ ժողովրդին հրավիրել է աղոթք բարձրացնել նահատակված քաջորդիների հոգիների հանգստության, ինչպես նաև վիրավորում ստացած զինվորականների շուտափույթ ապաքինման համար։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
ՀՀ ԱԳՆ-ն Բաքվի սադրանքը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն է որակել։ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել է ապրիլի 11-ի փոխհրաձգության հետևանքով դիրքային կորուստներ չունենալու մասին։