Կալանավորվել է 44-օրյա պատերազմի ընթացքում հիվանդության սիմուլյացիա դրսևորելու համար մեղադրվող բարձրաստիճան սպա։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Գերատեսչությունից մանրամասնում են, որ Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետը ռազմական դրության պայմաններում՝ 2020թ. հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, հիվանդության սիմուլյացիա է դրսևորել։
Մասնավորապես, ստացիոնար բուժում չպահանջող առողջական խնդրի պայմաններում նա 23 օր ստացիոնար բուժում է ստացել բժշկական հաստատությունում, որը հանգեցրել է վերջինիս կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:
Ըստ ՔԿ-ի, նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 3-րդ մասով (Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը: Այս արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով):
Միջնորդություն է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ երկամսյա ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: