ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրավիճակն առաջնագծում հարաբերական կայուն է:
Թե ինչ է կատարվում Տեղ գյուղում, սահմանազատման աշխատանքներ իրականացվո՞ւմ են, թե ոչ, Ասրյանը պատասխանեց, որ Գլխավոր շտաբի պետը սահմանազատումով չի զբաղվում:
«Սահմանազատման, սահմանագծման աշխատանքների համար կա համապատասխան հանձնաժողով, այդ հանձնաժողովն աշխատանքներով զբաղվում է, ԳՇ պետն ունի ներկայացուցիչ հանձնաժողովի կազմում, ինձ հարցեր մի տվեք»,- նշեց նա:
Միևնույն ժամանակ Ասրյանը նշեց, որ Տեղում կատարում են դիրքային բարելավման աշխատանքներ: Ադրբեջանցիները տեղակայված են մեր բնագծերի դիրքերի դիմաց, ասաց նա:
Հարցին, թե ադրբեջանցիները հետ գնացե՞լ են՝ նա արձագանքեց. «Ադրբեջանցիների հետ գնալու, առաջ գալու վերաբերյալ դուք ընդհանրապես գործ չունեք: Ոչ մի գյուղ էլ չեն մտել»:
Ավելի ուշ լրագրողների հետ զրուցեց նաև ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը: Նա պարզաբանեց, որ միայն Սոթքը չեն թիրախավորում, եթե Սոթքում զոհ ենք ունեցել, դա չի նշանակում, որ միայն Սոթքն են թիրախավորում:
«Մեր սահմանագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է: Նույն վիճակն է, եթե որևէ փոփոխության ենթարկվի, հանդես կգան համապատասխան հայտարարությամբ»,- ասաց նա։
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք ադրբեջանական զորքերը հետ քաշվել են, Սարգսյանը պատասխանեց, որ, որ Տեղ գյուղի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը տրամադրվել է և այդ հատվածում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, որևէ փոփոխություն լինելու դեպքում տեղեկատվություն կտրամադրվի:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի համար հող նախապատրաստելուն, Սարգսյանն ասաց՝ պետք է ամեն մեկս մեր տեղում ավելի զգոն լինենք ու ամեն ինչ անենք, որպեսզի յուրաքանչյուր ոք իր աշխատանքը կատարի որակով։