Մարտական գործողությունների հետևանքով վիրավորված և առողջական խնդիրներ ունեցող ՊՆ ծառայողներն ատեստավորման ժամանակ չեն հանձնի որոշ քննություններ։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի այն հարցին, թե ՊՆ բարեփոխումների շրջանակներում իրականցվող ատեստավորման քննությունն ինչպե՞ս է իրականցվելու պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողների դեպքում։
«Նրանք, ովքեր պատերազմի, մարտական գործողությունների բերումով ունեն վիրավորում և դա արձանագրված է համապատասխան ծառայության կողմից, ատեստավորման ժամանակ չեն հանձնի իրենց առողջական վիճակին չհամապատասխանող քննությունը։ Օրինակ, եթե մարդն ունի ձեռքի վիրավորում, իսկ վարժությունը կապված է ձեռքի հետ, ապա դա կհամարվի նրա կողմից հանձնված, բայց խոսքը վերաբերվում է միայն պատերազմի ժամանակ ստացած վիրավորմանը»,- նշեց Պապիկյանը։
Արձագանքելով նախարարին՝ Ասլանյանը հետաքրքրվեց․ «Այսինքն, եթե երիտասարադը վիրավորում է ստացել ծառայության ժամանակ, ապա նա ներկայացնում է համապատասխան փաստաթղթերը և ազատվո՞ւմ է տվյալ քննությունից»։
Ի պատասխան Պապիկյանը պարզաբանեց, որ որևիցե թուղթ ներկայացնել պետք չի։
«Ծառայողը չի ներկայացնում որևիցե թուղթ, քանի որ, եթե անձը վիրավորվել է, հայտնվել է հիվանդանոցում, բուժում է ստացել, ապա նրա մարմնական վնասվածքի մասին արձանագրված է վերջինիս հիվանդության պատմության մեջ»,- եզրափակեց նա։