Մայիսի 26-ի՝ ժամը 19:00-ից որոնվող, մարտական հենակետեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողներն են Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունից հայտնում են նաև, որ դրբեջանի կողմից նրանց ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն էին տարածել այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈւ 2 զինծառայողներ: ՊՆ-ն հերքել էր այս տեղեկությունը։
Ավելի ուշ ՊՆ-ն հայտնել էր, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է։ Գերատեսչությունից տեղեկացրել էին, որ քննվում է նաև դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը:
Մայիսի 27-ին հայտնաբերվել էր ՀՀ ԶՈւ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը և գլխավոր դատախազությունը հրապարակել էին ադրբեջանցի սահմանապահների կողմից ձերբակալված երկու հայ զինծառայողների անունները։ Նշվում է, որ նրանց մեղադրանք է առաջադրվել։