Հունիսի 20-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Ներքին Հանդի և Սրաշենի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ժամը 15:50-ին։
Հունիսի 19-ի ժամը 11:05-ից հունիսի 20-ի ժամը 07։55- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել էր հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։
Հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությունը մեծացել է այն բանից հետո, երբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը հունիսի 15-ի առավոտյան հայտնել է, որ հայկական ստորաբաժանումները կանխել են ադրբեջանցի զինծառայողների՝ Հակարի կամրջի ուղղությամբ առաջ շարժվելու փորձը։ Նրանք Հայաստանի տարածքում Ադրբեջանի դրոշը տեղադրելու նպատակ ունեին: Ավելի ուշ համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ փորձում են Հայաստանի տարածքում տեղադրել Ադրբեջանի դրոշը: Նույն օրը՝ հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահը: Հունիսի 15-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր նաև Կապանի շրջանում ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։