Երկրների պաշտպանունակության և ռազմական անվտանգության ամրապնդման ուղղությամբ քննարկումների արդյունքում Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է եռակողմ ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ համատեղ քայլեր ձեռնարկելու երեք երկրների պաշտպանունակության և ռազմական անվտանգության ամրապնդման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության փոխանցմամբ՝ ծրագիրն ընդգրկում է մի շարք միջոցառումներ Հայաստանում, Հունաստանում և Կիպրոսում։
Հայկական կողմից խորհրդակցություններին մասնակցել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։
Խորհրդակցությունների ավարտին պատվիրակություններին ընդունել է նաև Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Դիմոկրիտոս Զերվակիսը։
2022 թվականի հունվարին Կիպրոսի Ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետն այցելել է Երևան, որտեղ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և համագործակցության հարցեր։ 2022 թվականի նոյեմբերին Հայաստանն ու Կիպրոսը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել։