Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի շրջանակում ՀԵՆԱՐ հիմնադրամը հուլիսի 6-ին անցկացվեց սատելիտային սիմպոզիում «Առողջության առաջնային պահպանում» թեմայով։ Փորձագետներն Առողջության առաջնային պահպանման համակարգի միջազգային մասնագետների հետ կիսվել են ոլորտի արդյունավետ կառավարման համաշխարհային լավագույն փորձով։ Այս և հարակից այլ թեմաներով Armenia Today-ի թղթակիցը զրուցել է ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանի հետ:
-Պարո՛ն Ոսկերչյան, խնդրում եմ ներկայացրեք, թե ինչ առաջնահերթ հարցեր են քննարկվել սիմպոզիումի ընթացքում: Առողջության առաջնային պահպանման ուղղությամբ ի՞նչ հիմնական խնդիրներ եք տեսնում ՀՀ առողջապահական ոլորտում:
-Այս կոնգրեսի հարթակում մեր հիմնադրամն անցկացրեց բժշկության առաջնային օղակի սատելիտ կոնֆերանս։ Այս քննարկման կարևորությունը շատ արդիական է։ Ինչո՞ւ առաջնային օղակ։ Հայաստանում, եթե մենք նայենք առկա խնդիրներին, ապա հիմնական հարցերից մեկն առաջնային օղակի ամրապնդումն է։ Վերցնենք օրինակ կյանքի տևողությունը։ Մահվան հիմնական պատճառները Հայաստանում ոչ ինֆեկցիոն հիվանդություններն են՝ սիրտ-անոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, քաղցկեղ․․․ Բոլոր մահերի մոտավորապես 90 տոկոսն այդ երեք-չորս հիվանդության պատճառով է։ Բոլոր հարցերը, որոնք կապված են այդ հիվանդությունների վարման հետ, կարող են էֆեկտիվորեն լուծվել առաջնային օղակում։
Բացի դրանից առաջնային օղակը թույլ է տալիս ամբողջ առողջապահական համակարգին ավելի ադյունավետ աշխատել։ Հայաստանի ՀՆԱ 6,5 տոկոսը ծախսվում է ոչ ինֆեկցիոն հիվանդությունների վրա։ Դա ահռելի թիվ է։ Առաջնային էֆեկտիվ օղակը թույլ կտա նաև ավելի արդյունավետ դարձնել առողջապահական ոլորտի ֆինանսական իրավիճակը։
Մենք շատ սերտ աշխատում ենք թե՛ Առողջապահության նախարարության հետ, թե՛ այն բոլոր կազմակերպությունների հետ, որոնք ակտիվ են առաջնային օղակում։ Եվ այդ միտքը՝ օգտագործել այս հնարավորությունն ու միավորել թե՛ Հայաստանի մեր գործընկերներին, թե՛ Սփյուռքից եկած մասնագենտներին մեկ հարթակում, որտեղ կարող են քննարկել հիմնական մարատահրավերները, հասկանալ՝ որոնք են ճիշտ ուղիները, շատ հետաքրքիր էր։ 250-ից ավել մասնակից կար, մեր առաջնային օղակի բժիշկները կարողացան գալ ու լսել մեր արտասահմանյան գործընկերներին, ունենալ այդ դիալոգն ու հետադարձ կապ ստանալ հարցերի մասին, որոնք իրենց ամենօրյա աշխատանքի մասն են։ Քննարկումը նաև տեղ-տեղ էմոցիոնալ էր, որը, սակայն մեզ համար կարևոր էր, ուրեմն դրանք մեր բժիշկների «սրտին մոտիկ» հարցեր էին, շատ կարևոր և արդիական։
-ՀԵՆԱՐ-ը ստեղծվել է 2021թվականին: Հետաքրքիր է, թե Ձեր թվարկած խնդիրներից որոնք եք հասցրել լուծել և որոնք են գտնվում լուծման ճանապարհին: Խնդիրների վերհանման հացում ի՞նչ համագործակցություն եք ծավալում պետության հետ, հաջողվո՞ւմ է համատեղ աշխատանքը:
-Այո, հիմնադրամը ստեղծվել է 2021-ին՝ համահիմնադիրներն են Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանն ու ես։ Եվ հենց առաջին օրվանից մեզ համար շատ կարևոր էին այն արդիական հարցերը, որոնք այսօրվա առողջապահության համար ամենակարևորն են։ Մեր աշխատանքի ժամանակ հիմնվում ենք երեք առաջնային խնդիրների վրա։ Առաջինն առաջնային օղակն է, երկրորդը կադրերի պատրասումը, ամենն ինչ վերաբերվում է բժիշկների կրթմանն ու վերապատրաստմանը, և երրորդը՝ թվային գործիքների ներդրումը, որպեսզի ավելի հասանելի ու էֆեկտիվ դարձնենք Հայաստանի առողջապահությունը։ Մեր հիմնական գործողությունները հիմնված են կայուն ծրագրերի վրա։ Դրանք պետք է ունենան երկարատև ու համակարգային ազդեցություն։ Այդ պատճառով մեր իրականացրած ծրագրերը պահանջում են որոշ ժամանակ, որպեսզի տեսնենք արդյունքը։
Իսկ թե ինչպես ենք աշխատում նախարարության և այլ գործընկերների հետ, ապա առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ համատեղ աշխատանքի կոնցեպտը ամենաարդիականն է։ Հնարավոր չէ միայն պետության կամ միայն մասնավոր սեգմենտի ջանքերով փոփոխություններ անցկացնել ազգային մակարդակի վրա։ Դա պետք է լինի համատեղ աշխատանք։ Հենց դա էր մեր հիմնական մոտեցումը և հիմա արդյունավետ աշխատում ենք հիմնական բոլոր խաղացողների հետ՝ Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի, Բժշկական համալսարանի հետ, ինչպես նաև այն խաղացողների հետ, որոնք Սփյուռքից են այստեղ ներկա։
-«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության նախաձեռնությամբ Արցախում ավելի քան մեկ ամիս առաջ մեկնարկած առողջապահական ծրագրի շրջանակում Մարտունու շրջանի Մյուրիշեն, Կարմիր Շուկա, Հաղորտի, Բերդաշեն, Սոս գյուղական համայնքների շուրջ 160 բնակիչներ հնարավորություն են ունեցել օգտվել առաջնային բուժօգնության շարժական ծառայություններից: Արդյո՞ք այս ծրագիրը շարունակվում է Արցախի տոտալ շրջափակման պայմաններում ու ի՞նչ հիմական խնդիրների հետ եք բախվում ծրագրի իրագործման հարցում:
-Մենք որպես ՀԵՆԱՐ որոշեցինք կենտրոնանալ շարժական առաջնային միավորների կոնցեպտի վրա և այդ կոնցեպտն իրականացնել թե՛ Արցախում, թե՛ Սյունիքում։ Ինչո՞ւ Արցախ և Սյունիք։ Շարժական կայաններն արդիական են այն վայրերի համար, որտեղ դժվարություններ կան բնակչության համար առաջնային օղակի հետ կապի հարցում։ Եվ Սյունիքը, և Արցախը խնդիր ունեն կապի ու հասանելիության հետ։ Այս պատճառով ընտրեցինք այդ երկու տարածքները՝ որպես հիմնական վայրեր։
Արցախում առաջին միավոր մեքենան սկսեց աշխատել մայիսից Մարտունու շրջանի 13 համայնքների ներգրավմամբ՝ մոտավորապես 5,5 հազար բնակչով։ Ծրագիրն էֆեկտիվ աշխատում է համարյա 2 ամիս և թույլ է տալիս հայտնաբերել այնպիսի հիվանդություններ, որոնց մասին մարդիկ չգիտեին։ Դեպքեր կան, որ հայտնաբերվել են արտերիալ հիպերտենցիա, շաքարային դիաբետ, արիթմիաներ և օգնել հիվանդներին։ Երկու բժիշկի և երկու բուժքրոջ համար ապահովեցինք տրեյնինգներ, որը 13 մոդուլից բաղկացած ծրագիր է։ Եվ հիմա այդ հնարավորությունը մենք պլանավորում ենք երկրորդ միավորի համար, որը կգործի 2 ամսից։ Սյունիքի Գորիս քաղաքում նույնպես գործում է մեկ կայան, իսկ երկրորդը նույնպես կսկսի աշխատել մոտ երկու ամսից։ Մենք պլանավորում ենք այդ միավորը լիովին ինտեգրել եղած համակարգի մեջ։ Դա նշանակում է, որ այդ միավորը կդառնա եղած համակարգի մի մասը։
-Պարո՛ն Ոսկերչյան, Johnson & Johnson ընկերությունում զբաղվել եք ռազմավարական պլանավորման հարցերով, իսկ Philips ընկերությունում Ռուսաստանում, ԱՄՆ-ում և ԱՊՀ երկրներում գլխավոր տնօրենի պաշտոնը։ Հաշվի առնելով միջազգային փորձը՝ ինչպիսին է Հայաստանում ու Արցախում լավագույն առողջապահության ապահովման ձեր տեսլականն ու ի՞նչ է ձեզ անհրաժեշտ այդ պատկերացումները կյանքի կոչելու համար:
-Եթե ամփոփեմ, ապա 5 հիմնական խնդիր կա ՀՀ առոջապահությունում։ Առաջինը մոդելն է ու ֆինանսավորման համակարգը։ Համակարգում առկա բոլոր ծախսերի 85 տոկոսը փաստորեն հիվանդի գրպանից են։ Սա շատ մեծ թիվ է և մենք չգտանք ուրիշ երկիր, որտեղ այդպիսի նման կամ մոտ թիվ լիներ։ Ռուսաստանում դա մոտ 35-40 տոկոս է, Վրաստանում մոտավորապես 55 տոկոս։ Պարզ է, որ դա պետք է փոխվի։ Երկրորդը՝ հիմնական ուղղվածությունը հիվանդանոցային օղակի վրա է, ինչը պատմականորեն է այդպես։ Եվ առաջնային օղակը փաստորեն թերֆինանսավորված էր ու արդյունավետ չէր։ Երրորդ մեծ խնդիրը թվային մեխանիզմների ներդրումն է։ Չորրորդը առողջ ապրելակերպի խթանումն է, շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան՝ ինչ է պետք անել, որպեսզի առողջ մնան։ Հինգերորդը կադրային հարցն է, երբ թվում է, թե բավարար քանակությամբ բժիշկներ ունենք, բայց հենց նայում ենք բաշխվածությանը՝ Երևան-մարզեր, միանգամից մեծ հարց է առաջանում։ Իսկ բուժքույների հարցում և՛ քանակի, և՛ որակի խնդիր կա։
Արաքսյա Սնխչյան