Դասակի հրամանատարը մարտի պայմաններում թողել է մարտական հենակետը և նահանջել. դատախազը գործն ուղարկել է դատարան, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Մաասնավորապես, ՊՆ N զորամասի հրամանատարի 2022թ․ սեպտեմբերի 6-ի N հրամանի համաձայն՝ զորամասի N հրաձգային գումարտակի անձնակազմը մարտական հերթապահության է ընդգրկվել Սյունիքի մարզի Ճակատեն-Շիկահող-Ծավ-Ներքին Հանդ հատվածի պետական սահմանի պահպանության հատվածում:
Նշված հրամանի համաձայն` նույն գումարտակի N հրաձգային վաշտի N դասակի հրամանատար Հ.Մ.-ն նշանակվել է մարտական հենակետերի ավագ և ծառայությունն իրականացրել N մարտական դիրքում: 2022թ․ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ից, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հարձակում են գործել մարտական դիրքերի ուղղությամբ:
«Մարտի ժամանակ, Հ.Մ.-ն, խախտելով մարտական հերթապահություն կրելու կանոնները, պատշաճ կերպով չի իրականացրել իր պարտականությունները և, առանց մարտ վարելու, վերադասությանը զեկուցելու, ենթականերին իրադրության մասին տեղեկացնելու, միայնակ թողել է մարտական հենակետը: Իր ղեկավարման տակ գտնվող մարտական դիրքեր տեղափոխվելու և իր պարտականությունները կատարելու փոխարեն՝ Հ.Մ.-ն ժամը 01:00-ի սահմաններում՝ առանց ավագ պետի թույլտվության, նահանջել է Ներքին Հանդ գյուղ»,- հայտնում է Դատախազությունը:
Նշվում է, որ 2023թ․ հունիսի 20-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 6-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը)։ 2023թ․ հուլիսի 6-ին դատախազը քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղակել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։