Հուլիսի 26-ին Զինծառայող Մուրադ Գրիգորյանին մահացու հրազենային վնասվածք է հասցրել համածառայակիցը, հայտնում է Քննչական կոմիտեն՝ ներկայացնելով դեպքի մանրամասները։
«Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն մարտական դիրքում ծառայություն իրականացնող Մուրադ Գրիգորյանի և նրա համածառյակից, պարտադիր ժամկետային զինծառայող Ա․Հ.-ի միջև անձնական հարցի շուրջ ծագած խոսակցության ընթացքում հնչած վիրավորանքի պատճառով զինծառայող Մուրադ Գրիգորյանին, վերջինիս ամրակցված ՊԿ տեսակի գնդացիրից արձակված կրակոցով, մահացու հրազենային վնասվածքը հասցրել է Ա.Հ․-ն»,- հայտնում է ՔԿ-ն։
Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանություն, ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկել. պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով):
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ ներկայացված մեղադրանքում Ա․Հ․-ն իրեն մեղավոր է ճանաչել և զղջացել կատարած արարքի համար: Հուլիսի 28-ին միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2023 թվականի հուլիսի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում, գետնատնակի հարակից տարածքում, հայտնաբերվել էր նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումով։ Վերջինիս կողքին` գետնին ընկած վիճակում, գտնվել էր իրեն ամրակցված գնդացիրը: