ՊԲ N զորամասի հրաձգային վաշտի հրամանատարը մարտական դիրքի անձնակազմին անհիմն հրամայել է նահանջել, ինչի հետևանքով անձնակազմը լքել է մարտական դիրքերը, վերջինիս մեղադրանք է առաջադրվել, հայտնում է ՀՀ դատախազությունը։
«ՊԲ N զորամասի հրաձգային վաշտի հրամանատար Վ.Հ.-ն, ռազմական դրության ժամանակ, մարտական գործողությունների պայմաններում՝ 2020 թվականի նոյեմբերի 2-ին, չունենալով զբաղեցված մարտական դիրքերից նահանջելու վերաբերյալ ավագ պետի հրամանը կամ թույլտվությունը, հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու և տարածումը կանխելու փոխարեն, մարտական դիրքի անձնակազմին անհիմն հրամայել է նահանջել, ինչի հետևանքով անձնակազմը լքել է մարտական դիրքերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ծառայողական պարտականությունների կատարումից խուսաբելու նպատակով վաշտի հրամանատարը կրակել է իր աջ ազդրին։
«2020 թվականի նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը, Վ.Հ.-ն, տեղեկանալով, որ վաշտի անձնակազմի հետ մեկնելու է մարտական առաջադրանք կատարելու, փորձել է համոզել սերժանտ Ա.Մ.-ին՝ արհեստական եղանակով վնաս պատճառել իր առողջությանը. սերժանտ Ա.Մ.-ից մերժում ստանալուց հետո՝ Վ.Հ.-ն որոշել է ինքնուրույն անդամախեղում կատարել: 2020 թվականի նոյեմբերի 6-ին, դեպի մարտական դիրքեր տանող ճանապարհով ընթանալու ժամանակ, Վ.Հ.-ն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել է իր աջ ազդրին՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով»,- ասված է գերատեսչության հղարոդագրության մեջ:
Գերատեսչության փոխանցմամբ՝ Վ.Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինծառայողի կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելը) և 363-րդ հոդվածի 5-րդ մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը): 2023 թվականի օգոստոսի 1-ին դատախազը քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղակել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: