ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:
«Սույն տեսանյութը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած կեղծիքը, ըստ որի սահմանագոտու արևելյան ուղղությամբ ՀՀ ԶՈւ դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել, և որի «գործողությունները հաջողվել է կասեցնել կրակային աջակցմամբ»: Քննվում է Գ. Ո.-ի՝ տեղանքում չկողմնորոշվելու, ադրբեջանական կողմում հայտնվելու բոլոր հանգամանքները»,- ասված է ՀՀ ՊՆ հայտարարությունում։
Նախորդիվ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն: Ադրբեջանի ՊՆ-ն, ավելի ուշ, տեղեկացրել էր «դիվերսիոն փորձի ժամանակ» հայ զինվորականի ձերբակալման մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է նաև ձերբակալված հայ զինծառայողի ինքնությունը և նշել, որ նա Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից է։