ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության շարժական դաշտային հոսպիտալի անձնակազմն օգոստոսի 28-ից սեպտեմբերի 23-ը մասնակցում է Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ռազմաբազայում անցկացվող «Միաձուլված սուր-2023» բազմազգ զորավարժությանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
ՀՀ ԶՈՒ բժիշկները և բուժակները մասնակցում են ԱՄՆ ցամաքային զորքերի բժշկական ծառայության կողմից անցկացվող վարժանքին, որի նպատակն է իրական պայմաններում կազմակերպել վիրավորների արագ և անվտանգ տարհանումն ուղղաթիռով։
Հայկական դաշտային հոսպիտալի բժշկական անձնակազմն ամերիկյան կողմի հետ ձևավորած խմբերով կատարում է բարդ պայմաններում վիրավորների տարհանում, ծանոթանում ԱՄՆ բանակի բժշկական ծառայության տարհանման սանիտարական հատուկ օդային միջոցներին, ինչպես նաև բժշկական տարհանման ցամաքային զրահատեխնիկայի հնարավորություններին և հագեցվածությանը։
Զորավարժությանը մասնակցում են 17 երկրներ: