Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։
Նշվում է, որ զորավարժությունը խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ է ենթադրում։
«Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար»,-ասված է հայտարարության մեջ։
Ապրիլի 6-ին ԱՄՆ-ն հայտարարեց, որ «Պաշտպան-23» (Defender 23) զորավարժությունների մասնակից երկրների ցանկում նաև Հայաստանն է։ Ավելի ուշ Պենտագոնը հայտնեց, որ Հայաստանի ընդգրկումը «Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում պարզապես Պենտագոնի մամլո ծառայության ներքին թիմի թույլ տված վրիպակ էր։