«Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններին կմասնակցի 85 ամերիկացի և 175 հայ զինծառայող, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարին:
Նշվում է, որ ամերիկացի զինվորականների թվում կլինեն Կանզասի Ազգային գվարդիայի անդամները։ Կանզասի Ազգային գվարդիան 2003 թվականից համագործակցում է Հայաստանի հետ՝ իրականացնելով փորձի փոխանակում։ Նշվում է նա, որ զինվորականները զինված կլինեն հրացաններով և զորավարժությունների ընթացքում ծանր զենք չեն կիրառի։
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին ՊՆ-ն հայտնել է, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։
Ապրիլի 6-ին ԱՄՆ-ն հայտարարեց, որ «Պաշտպան-23» (Defender 23) զորավարժությունների մասնակից երկրների ցանկում նաև Հայաստանն է։ Ավելի ուշ Պենտագոնը հայտնեց, որ Հայաստանի ընդգրկումը «Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում պարզապես Պենտագոնի մամլո ծառայության ներքին թիմի թույլ տված վրիպակ էր։