ՀՀ ՊՆ-ն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, երկու հայտարարություն է տարածել՝ հայտարարելով ադրբեջանական ապատեղեկատվության և Ադրբեջանի ԶՈւ կրակոցների մասին։
«Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Գեղարքունիքի մարզ Կուտական համայնքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,-հայտնել են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
ՊՆ-ից նաև հայտնել են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 9-ին` ժամը 23։40-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 07:50-ից Ադրբեջանի Զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանը հայտնել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 4 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։
Գրեթե մեկ տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, ադրբեջանական զինուժը սկսեց հրետանային, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակոցներ իրականացնել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի հայկական դիրքերի ուղղությամբ։
Վերջին տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հայկական կողմից զոհերի և անհայտ կորածների թիվը հասել է 207-ի՝ ներառյալ երեք խաղաղ բնակիչների զոհվելը, որոնցից երկուսը անհետ կորած են։ Վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, մոտ 20 զինծառայող գերի է ընկել։
Բաքուն Արցախը շրջափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ 2023 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանն արգելեց մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, իսկ ավելի ուշ այնտեղ բետոնե պատնեշներ տեղադրեց:
Կարդացեք և դիտեք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժն այն մասին, թե ինչպես է ապրում սահմանային Սոթքը, որը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կրակոցների տակ էր ընկել։