Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ» ,-հայտնել են ՀՀ Պն-ից։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ադրբեջանի ՊՆ-ն երկու ապատեղեկատվություն է տարածել, որոնք հերքվել են ՀՀ ՊՆ-ի կողմից։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 07:50-ից Ադրբեջանի Զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանը հայտնել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 3 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։
Բաքուն Արցախը շրջափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ 2023 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանն արգելեց մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, իսկ ավելի ուշ այնտեղ բետոնե պատնեշներ տեղադրեց: