Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պաշտպանության նախարարությունները հերքել են Ադրբեջանի ԶՈւ-ի երկու հողորդագրությունները։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 17-ին՝ ժամը 00։20-00։40-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-հայտնել են ՀՀ ՊՆ-ից։
ԱՀ ՊՆ-ն էլ հայտարարել է, որ կեղծ է այն լուրը, թե ՊԲ ստորաբաժանումները ժամը 00։50֊ի սահմաններում կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ԱՀ ՊՆ-ն հերքել է նաև Ադրբեջանի ՊՆ-ի այն լուրը, թե սեպտեմբերի 17-ին` ժամը 00:55-ից ժամը 03։00ն ընկած ժամանակահատվածում, ՊԲ ստորաբաժանումներն ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում և Քարվաճառի ուղղությամբ, որոնք, իբր թե, կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում։
ՀՀ ՊՆ-ն և ԱՀ ՊՆ-ն Ադրբեջանի ԶՈւ հաղորդագրություններն ապատեղեկատվություն են որակել։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 07:50-ից Ադրբեջանի Զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանը հայտնել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 3 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։
Գրեթե մեկ տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, ադրբեջանական զինուժը սկսեց հրետանային, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակոցներ իրականացնել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի հայկական դիրքերի ուղղությամբ։
Վերջին տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հայկական կողմից զոհերի և անհայտ կորածների թիվը հասել է 207-ի՝ ներառյալ երեք խաղաղ բնակիչների զոհվելը, որոնցից երկուսը անհետ կորած են։ Վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, մոտ 20 զինծառայող գերի է ընկել։
Բաքուն Արցախը շրջափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ 2023 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանն արգելեց մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, իսկ ավելի ուշ այնտեղ բետոնե պատնեշներ տեղադրեց:
Կարդացեք և դիտեք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժն այն մասին, թե ինչպես է ապրում սահմանային Սոթքը, որը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կրակոցների տակ էր ընկել։