Կութի հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ, հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։
Պաշտպանության նախարարությունից նշել են, որ ավելի ուշ տեղեկություններ կտրամադրեն։
ՊՆ-ից հայտնում են, որ ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Այսօր ՊՆ-ն հայտնել էր, որ ժամը 14:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքերից կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստան է տեղափոխվել 100 514 անձ, հաշվառվել է 85 975 անձ (86%-ը)։
Սեպտեմբերի 25-ին Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին, պայթյուն է տեղի ունեցել։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ի տվյալներով, փրկարարները աղետի տարածքից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: