Հայաստանը Ֆրանսիայից կգնի 3 ռադիոլոկացիոն կայան, Երևանն ու Փարիզը պայմանավորվել են նաև զենիթահրթիռային համակարգերի ապագա մատակարարման շուրջ, հաղորդում է Reuters-ը։
Ըստ հրապարակման՝ երկու երկրների Պաշտպանության նախարարները համաձայնագիր են ստորագրել Հայաստանին Thales-ի արտադրության երեք GM 200 ռադարների վաճառքի մասին, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր ֆրանսիական «Միստրալ» փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգի ապագա մատակարարումների վերաբերյալ։
«Երկինքի պաշտպանությունը միանգամայն կարևոր բան է»,- Փարիզում իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն։ Նախարարի խոսքով՝ Ֆրանսիան նաև կօգնի Հայաստանին «ցամաքային պաշտպանության ուժերի» պատրաստման հարցում և կաջակցի երկրի՝ զինված ուժերը բարեփոխելու և արդիականացնելու ջանքերին։
«Մենք պահպանում ենք մեր պաշտպանական հարաբերությունները (Հայաստանի հետ), թեև նույն ռազմական և քաղաքական դաշինքների մաս չենք կազմում։ Սա հիմնված է այն պարզ սկզբունքի վրա, որ դու պետք է կարողանաս պաշտպանել քեզ»,- Լեկորնուի խոսքերն է մեջբերում է գործակալությունը։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուն Փարիզում ստորագրել են երկկողմ համագործակցության փաստաթղթեր, որոնք ներառում են պաշտպանության ոլորտում փոխգործակցությունը։
Հոկտեմբերի 21-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն հայտարարել էր, որ Փարիզը և Երևանը կձևակերպեն ֆրանսիական սպառազինությունների մատակարարման մասին համաձայնագրեր, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության ոլորտում
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով աշխատանքայի այցով մեկնել էր Ֆրանսիա։