ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից, իր Facebook-յան էջում այդ մասին հայտնել է պատգամավորը։
Նա նշել է, որ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները հնարավորություն կունենան զինվորական ծառայության անցնել։ Ըստ Սրագսյանի նախագծի՝ նրանք հնարավորություն կունենան նաև կրճատված ժամկետով ծառայել՝ ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։
Օրինակ՝ նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով, զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ։ 6 ամիս ժամկետով ծառայելու ցանկության դեպքում կարող են վճարել 5 մլն դրամ, 1 ամիս ժամկետով՝ 10 մլն դրամ։ Նախագծով կարող են վճարել 15 մլն դրամ վճարել ու ընդհանրապես չծառայել։
Ըստ պատգամավորի՝ օրինագծի կարգավորումների կիրառմամբ բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք, ՀՀ ԶՈւ-ն կհամալրվի հայրենադարձ քաղաքացիներով, լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն ՀՀ պետական բյուջե։