ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկման ժամանակ հայտարարել է, որ 2024 թվականին պաշտպանության ոլորտում պետական բյուջեի ծախսերը 2018 թվականի համեմատությամբ կավելանան 125 տոկոսով։
«2024 թվականի պաշտպանության բյուջեի միայն ավելացող մասը 309 մլրդ դրամ է, իսկ 2018 թվականին նախատեսված ամբողջ տարվա բյուջեն եղել է 247,9 մլրդ դրամ»,- նշել է վարչապետը։
Վարչապետն առանցքային է համարել ռազմական ոլորտի ծախսերի ավելացումը՝ պաշտպանունակ բանակի ձևավորման և երկրի անվտանգության տեսանկյունից։
«Պետք է արձանագրենք, որ մեր պաշտպանական ծախսերն էականորեն և առանցքային են, մեզ համար առաջնային են մեր բանակի, զինված ուժերի բարեփոխումները։ Նաև պետք է ընդգծեմ, որ պաշտպանական ծախսերի այսպիսի դինամիկան որևէ կերպ չի հակասում խաղաղության մեր հայտարարած օրակարգին, որովհետև մարտունակ զինված ուժեր ունենալը յուրաքանչյուր պետության լեգիտիմ իրավունքն է, և ընդհակառակը, պարտադիր ատրիբուտ ցանկացած պետության համար»,- նշել է Փաշինյանը։
Նա ընդգծել է երկրի պաշտպանունակության ամրապնդման համար կառավարության աշխատանքի ինտենսիվության ավելացման անհրաժեշտությունը։
«Մենք այս ուղղությամբ առաջ ենք շարժվում և, իհարկե, ոչ այն տեմպով, որը մեզ համար ցանկալի է, որովհետև դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտներ։ Բայց պետք է արձանագրեմ նաև, որ մենք մեր հռչակած կուրսն անվտանգության ոլորտում, մեր հարաբերությունների դիվերսիֆիկացիայի վերաբերյալ արդեն, ըստ էության, իրագործում ենք»,- եզրափակել է Փաշինյանը։
Կառավարության նորմատիվ իրավական ակտերի նախագծերի կայքում նշվում է, որ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծով պաշտպանության աջակցության ծրագրին հատկացվել է գրեթե 550 մլրդ դրամ, ինչը 37,1 մլրդ դրամով ավելի է 2023 թվականի պետական բյուջեից։
2022-ի նոյեմբերին վարչապետը 2023-ի պետբյուջեի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ պաշտպանության ոլորտի ծախսերը 2023 թվականին 2018 թվականի համեմատ աճել են 113 տոկոսով կամ 270 միլիարդ դրամով, 2023 թվականի պաշտպանական ծախսերը կկազմեն 509 միլիարդ դրամ կամ 1,2 միլիարդ դոլար։