Հայաստանի խորհրդարանում քննարկում է անցկացվել սահմանային գոտում փայտահողային պաշտպանական կետեր կառուցելու աշխատանքների շուրջ։ Դրանք կառուցում է ՈՄԱ հասարակական կազմակերպությունը, որը գլխավորում է փորձառու հետախույզ, Արցախյան պատերազմների մասնակից Վովա Վարտանովը։ ՊՆ-ն հայտարարել է, որ այդ կառույցները դիմացկուն չեն։
ՈՄԱ-ն առաջարկում է նաև անվճար ռազմական դասընթացներ: Նման դասընթացները 2020 թվականին Ադրբեջանի ագրեսիայից հետո հասարակության շրջանում գնալով ավելի արդիական և պահանջված են դառնում։ Պաշտպանության նախարարությունն առաջարկում է նաև ռազմական պատրաստություն՝ խոսքը թե՛ հրաձգության դասընթացների մասին է, թե՛ բանակում աղջիկների ծառայության։
Armenia Today-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ հետաքրքվելով, թե ի՞նչ հասարակական կազմակերպություններ գիտեն քաղաքացիները, որոնք զբաղվում են զինվորական պատրաստությամբ կամ սովորեցնում են հրաձգություն, մասնակցե՞լ են արդյոք ՊՆ հրաձգության դասընթացներին կամ երբևէ նմանատիպ դասընթացների։ Ինչպես նաև պարզել ենք, թե ինչպե՞ս են քաղաքացիները գնահատում նմանատիպ նախաձեռնությունները։
Քաղաքացիների մեծ մասը տեղյակ չէր, որ գոյություն ունեն նման նախաձեռնություններ և դասընթացներ, որոշներն էլ տեղյակ էին միայն ՈՄԱ-ի գործունեությանը։
«Իհարկե, ծանոթ չեմ, սակայն գնահատում եմ դրական։ Մեզ բոլորիս պետք են նման նախաձեռնություններ»,- նշեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացու խոսքով՝ Գմբեթի մասին է տեղյակ, լսել է ՊՆ-ի դասընթացների մասին և ցանկություն ունի մասնակցելու։
«Անկախ սեռից՝ յուրաքանչյուր մարդ պետք է քայլեր անի իր երկիրը պաշտպանելու համար։ Եթե Հայաստանում ապրող յուրաքանչյուր բարերար նման ծրագիր մտածեր, ՀՀ սահմաններն ինչ-որ չափով պաշտպանված կլինեին»,- ասաց նա:
Քաղաքացիներից մյուսի խոսքով՝ չէր ցանկանա, որ իր աղջիկը մասնակցեր նման նախաձեռնությունների և, իր կարծիքով, թող տղաները ծառայեն, մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ անհասկանալի միջոցառումներ են․ «Տղաների հարցը լուծել են, անցել են աղջիկներին»,- ասաց նա։
Հարցման մասնակից աղջիկներից մեկը ցանկություն հայտնեց մասնակցելու, տղաներից մեկն էլ նշեց, որ ծանոթ է նման նախաձեռնությունների, քանի որ 44-օրյա պատերազմի մասնակից է։
«Դրանք պետք են ոչ միայն այն պատճառով, որ մենք պատերազմական երկրում ենք ապրում, այլև կարևոր են ինքնապաշտպանության առումով»,- ասաց մեկ այլ քաղաքացի։
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարցումը՝ Լիաննա Խաչատրյանի