ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը նախատեսում է 27 տարին լրացած և մինչև 37 տարեկանը պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատել քրեական պատասխանատվությունից:
Ըստ նախագծի՝ երկու տարի ծառայելու փոխարեն առաջարկվում է վճարել 15 մլն դրամ կամ ծառայել կարճ ժամկետով, կարելի է նաև կրճատել ծառայության ժամկետը՝ ծառայելով մեկ տարուց մինչև մեկ ամիս։
«Նախագծով սահմանվում է, որ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են երկու տարի ժամկետով ծառայել բանակում, ծառայել 1 տարի և պետբյուջե վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 10 մլն դրամ, և վճարել 15 մլն դրամ՝ ծառայության դիմաց»,- նշել է պատգամավորը:
Նա հավելել է, որ առաջիկայում քննարկումներ կսկսի ՀՀ-ում զինապարտության տարիքը բարձրացնելու համար:
Սարգսյանը պարզաբանել է, որ իր նախագիծը վերաբերում է հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին, որոնք ընտրության առաջ կարող են կանգնել՝ դատապարտվել կամ վճարել և չծառայել։ Այսպես է նա մեկնաբանել Armenia Today-ի թղթակցին հարցին՝ արդյոք նախագիծը բացասական չի՞ ազդի ծառայության գրավչության վրա և, ըստ այդմ, կկրճատվի զինծառայողների քանակը, որոնք պաշտպանում են ՀՀ սահմանները։
Պատգամավորի տվյալներով՝ հետախուզման մեջ են գտնվում ծառայությունից խուսափած 5000-ից ավել քաղաքացիներ, և եթե դատապարտվելու փոխարեն նրանք գումար վճարեն, ապա պետբյուջեն կստանա լրացուցիչ 50 մլրդ դրամ։
«Եթե իմ նախագծով հետախուզման մեջ գտնվող 5000-ից ավել քաղաքացիները դատապարտվելուց խուսափելու համար վճարեն, կունենանք ավելի քան 50 մլրդ նոր հավաքագրում պետական բյուջե, ինչը բավականին մեծ գումար է։ Այն կարող ենք օգտագործել բանակի կարիքների և նոր պայմանագրայինների ներգրավվելու համար»,- նշել է պատգամավորը։
Նա ընդգծել է, որ եթե այդ քաղաքացիներին հայտնաբերեն, կունենանք 5000 դատապարտյալ, իսկ օրենքն ընդունելուց հետո կունենանք նույնքան զինծառայող կամ գումար։ «Այսինքն՝ մենք ընտրություն պիտի կատարենք՝ ուզում ենք այդ քաղաքացիները դատապարտվեն կամ վաղեմության հիմքով նրանց քրեական գործը կարճվի՞, թե՞ նրանք գան ծառայեն։ Սա է մեր ընտրությունը, որը պիտի կատարենք»,- եզրափակել է պատգամավորը։
Ինչ վերաբերում է Վրաստանի և մյուս երկրների փորձին, որտեղ գումարի դիմաց ընդհանրապես չեն ծառայում, Հայկ Սարգսյանը նշել է, որ նման քննարկումներ ՊՆ-ում եղել են, բայց այլ ձևաչափով, իսկ ներկա պահին նման քննարկումներ չկան։
Պատգամավորի խոսքով՝ զինապարտության տարիքը մի շարք երկրներում ավելի բարձր է, քան ՀՀ-ում:
Հավելենք, որ օրինագիծը պաշտոնապես դրվել է շրջանառության մեջ, սակայն դեռևս ընդգրկված չէ ԱԺ նստաշրջանի օրակարգում։
Մանրամասները՝ տեսանյութում