ԶԼՄ-ները մատնանշել են ՀՀ ԶՈՒ-ում կադրային ճգնաժամի մասին: «Հրապարակ» օրաթերթը գրել է, որ թափուր են ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետի, Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնները, քանի որ իշխանությունները չեն կարողացել թեկածու գտնել այդ պաշտոնների համար:
«Ավելի քան երկու շաբաթ է՝ մեկնարկել է ամենամյա ձմեռային զորակոչը, սակայն ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնն ավելի քան 3 ամիս է՝ թափուր է»,- գրել է թերթը՝ հիշեցնելով, որ օգոստոսի վերջերին այդ պաշտոնից ազատվել է Արմեն Ավթանդիլյանը: Եվ քանի որ ազատվելուց հետո լուրեր են տարածվել, թե իրավապահ համակարգը զինկոմիսարիատներում ուսումնասիրություններ է կատարում, կոռուպցիոն ռիսկեր են ի հայտ եկել, իշխանությունները, ըստ թերթի, փնտրում են ավելի ուժեղ կադրի:
Իսկ Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում օգոստոսի 5-ին Սերգեյ Ատոմյանին ազատելուց հետո իշխանական շրջանակներում խոսում են, որ Քննչական կոմիտեի նախկին պետ, ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյանին են առաջարկել պաշտոնում, սական վերջինս չի համաձայնել։