ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած և բանակում չծառայած հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին մինչև 37 տարեկանը խուսափել քրեական պատասխանատվությունից՝ որոշակի գումարի դիմաց:
Ըստ նախագծի՝ երկու տարի ծառայելու փոխարեն նրանց կկարողանան վճարել 15 մլն դրամ կամ ծառայել կարճ ժամկետով. 1 տարով՝ վճարելով 2.5 մլն դրամ, 6 ամիս՝ վճարելով 5 մլն դրամ, 1 ամիս՝ վճարելով 10 մլն դրամ։
Նախաձեռնության հեղինակը կարծում է, որ օրենքը կխթանի, որպեսզի ավելի քիչ թվով մարդիկ խուսափեն ծառայությունից։
Պատգամավորի տվյալներով՝ հետախուզման մեջ են գտնվում ծառայությունից խուսափած 5000-ից ավել քաղաքացիներ, և եթե դատապարտվելու փոխարեն նրանք տուգանք վճարեն, ապա պետբյուջե կմտնի լրացուցիչ 50 մլրդ դրամ։
Armenia Today-ը հարցում է արել քաղաքացիների շրջանում՝ հետաքրքվելով, թե ինչպե՞ս են գնահատում այս նախագիծը։
Կարծիքները շատ տարբեր են, սակայն հարցված քաղաքացիների մեծամասնությունը սխալ էր համարում բանակում չծառայելը և դրա դիմաց գումար վճարելը:
«Արդեն պարզ է, թե ինչի համար է դա արվում, ով գումար ունեցավ` կտա ու չի ծառայի, նորից այս խեղճ ու կրակ ժողովուրդը կտուժի, փողն էլ կլցվի օրինական բյուջե, այն ժամանակ պետք է այլ մարդկանց գումար տային, որ ազատվեին բանակից, հիմա օրինական կազատվեն բանակից»,- նկատեց քաղաքացիներից մեկը։
Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ սխալ է նման նախագիծ շրջանառել, բանակում պետք է բոլորը ծառայեն առանց բացառությունների․
«Սխալ եմ համարում, բանակում պետք է բոլորը ծառայեն անկախ նրանից նրանք 15 մլն դրամ ունեն թե չէ։ Բանակում ծառայելը քաղաքացու պարտականություններից մեկն է։ Եվ դա գումարի դիմաց կրճատել կամ չեղարկելը սխալ եմ համարոմ։ Քաղաքացիները պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողության»,-եզրափակեց նա։
Իսկ ահա քաղաքացիներից մեկն էլ և՛ դրական, և՛ բացասական կողմեր էր տեսնում այս նախագծի մեջ: «Միակողմանի չի, երկկողմանի է այս հարցը, ունի իր դրական և բացասական կողմերը։ Կոնկրետ այս պահին երկիրը պատերազմական դրության մեջ է, ինձ թվում է Հայաստան եկողը առանց այս նախագծի էլ կգա»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարցումը` Լիաննա Խաչատրյանի