Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովը երկրի իշխանություններին հանձնարարել է քննարկել Հայաստանին Caesar հրետանային կայանքներ
մատակարարելու հարցը, ասվում է 2024 թվականի պաշտպանական ծախսերի մասին օրինագծում, որը պատրաստել են Սենատի արտաքին գործերի, պաշտպանության և զինված ուժերի կոմիտեում։
Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի այլ երկրներին առնչվող բաժնում նշվում է, որ Հայաստանը վերջերս պայմանագիր է կնքել ֆրանսիական Thales ընկերության արտադրության GM200 3 ռադարներ մատակարարելու մասին, բանակցություններ է վարում MISTRAL 3 հրթիռների մատակարարման շուրջ: Նշվում է նաև 24 «Bastion» տեսակի զրահամեքենաների մատակարարումների մասին, որոնք ստեղծվել են ֆրանսիական Arquus խմբի կողմից։
Հավելել են, որ ավելի ուշ հայկական կողմին պետք է մատակարարվի այս տիպի ևս 26 մեքենա, որոնք ներկայումս արտադրության մեջ են: Նշվում է, որ ֆրանսիական իշխանությունները նախաձեռնել են «պաշտպանական» զենքի մատակարարումը Հայաստան: Սենատի հանձնաժողովի գնահատմամբ՝ պաշտպանական և հարձակողական սպառազինությունների այս տարբերությունն իրականում այնքան էլ արդյունավետ չէ, ինչպես ցույց տվեց Ուկրաինայի պատերազմը։ Սենատորները կոչ են արել «չկրկնել նույն սխալները՝ հետաձգելով տեխնիկայի մատակարարումը, որն անհրաժեշտ էր իսկզբանե»:
«Ահա թե ինչու մենք պետք է արագ արձագանքենք Հայաստանի իշխանությունների բոլոր հարցումներին, հատկապես հրետանու անհրաժեշտության վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում:
Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Հայաստանը Ֆրանսիայից երեք ռադիոլոկացիոն կայան կգնի։ Երևանն ու Փարիզը նաև ապագայում զենիթահրթիռային համալիրների մատակարարման շուր են պայմանավորվել։ Նոյեմբերի 13-ին ԶԼՄ-ները հայտնեցին, որ Ֆրանսիան Հայաստանին մատակարարել է «Bastion» բազմանպատակային զրահամեքենաների խմբաքանակ՝ ռազմական օգնություն ցուցաբերելու շրջանակներում: Ավելի ուշ Վրաստանի Փոթիի նավահանգիստը կառավարող «APM Terminals Poti sudtverdili» ընկերությունը հաստատել էր ֆրանսիական «Bastion» տեսակի զինտեխնիկայի տարանցումը Հայաստան։