ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում ՀՀ ՊՆ զինծառայող Կարեն Կարապետյանին, նախնական տվյալներով, մահացու հրազենային վիրավորում է հասցրել մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողը, հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն, պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, վերոգրյալ հանցավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, նշված ժամկետային զինծառայողը ձերբակալվել է։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով։