Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, մեկնաբանել է 2-րդ բանակային կորպուսում հունվարի 9-ին ԶՈւ երկու զինվորականներ Կարեն Կարապետյանի և Միքայել Դանիելյանի մահվան դեպքերը՝ դրանք անվանելով ցավալի։
«Նման դեպքեր, ցավոք, եղել և այսօր էլ կան»,- ասել է Սարգսյանը։
Նա խուսափել է գնահատականներ հնչեցնել մահվան դեպքերի, բանակում բարոյահոգեբանական մթնոլորտի և իրավիճակի քաղաքական պատասխանատվության մասին հարցերին՝ կոչ անելով սպասել նախաքննության ավարտին։
«Լավ կլինի բոլորս սպասենք նախաքննական մարմինների տեղեկատվությանը՝ քրեական վարույթի շրջանակներում»,- հավելել է փոխնախարարը։
Հունվարի 9-ին ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել էր պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով։ ՔԿ-ն հայտնել էր, որ Կարեն Կարապետյանին, նախնական տվյալներով, մահացու հրազենային վիրավորում է հասցրել մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողը, որին ձերբակալել են։
Նույն օրը՝ հունվարի 9-ին, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել էր ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Միքայել Դանիելյանի մահվան պատճառը ՔԿ-ն չի հայտնել, դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնել։