Հունվարի 14-ին՝ ժամը 14։20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Ցղունի գյուղի տարածքում ձնահյուսի տակից ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են 2003 թվականին ծնված զինծառայող Բենիամին Մանուչարյանի դին, որի հետ կապը եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում կորել էր հունվարի 13-ին, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Փրկարարները, համագործակցելով ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ, սաստիկ բքի և մառախուղի պայմաններում, լեռնային դժվարանցանելի գոտում ձեռնարկել են որոնողափրկարարական ծավալուն աշխատանքներ»,- հավելել են Փրկարար ծառայությունից։
Այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել էր, որ հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով կորած զինծառայողի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Հունվարի 13-ին ՊՆ-ն հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: ՊՆ-ն հայտնել էր, որ չնայած սաստիկ բքին և մառախուղին, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ: