Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ 27 տարին լրացածներին գումարի դիմաց ծառայությունից և քրեական պատասխանատվությունից ազատելու նախագիծը։ Այն ընդունվել է 61 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու նախագիծը 27 տարին լրացած, բանակում չծառայած և հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին հնարավորություն կտա մինչև 37 տարին լրանալն իրենց ցանկությամբ զորակոչվել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության։
Նախագիծը Սարգսյանը շրջանառության մեջ էր դրել 2023-ի նոյեմբերին։ Նախագծով 27 տարին լրացած և մինչև 37 տարեկանը պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են 2 տարի ծառայելու փոխարեն վճարել 15 մլն դրամ, ծառայել 1 տարի և պետբյուջե վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս և պետբյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 8 մլն դրամ։
Պատգամավորը հայտնել էր, որ հետախուզման մեջ է ծառայությունից խուսափած ավելի քան 5000 քաղաքացի, և եթե դատապարտվելու փոխարեն նրանք գումար վճարեն, կվերադառնան հայրենիք, պետբյուջեն կստանա լրացուցիչ 50 մլրդ դրամ։
Նոյեմբերի 14-ին Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ պատրաստվում է քննարկումներ սկսել Հայաստանում զինապարտության տարիքի բարձրացման հարցով։ ՔՊ պատգամավորն առաջարկում է զինապարտության տարիքը 27-ի փոխարեն բարձրացնել մինչև 40 տարեկան։
Տես թեմայի շուրջ Armenia Today-ի հարցումը քաղաքացիների շրջանում։