ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը բարձրացրել է սկզբնապես այլ երկրի քաղաքացի հանդիսացող, այդ երկրում ծնված, մեծացած, իր երկրում բանակ գնացած, սակայն անչափահասության տարիքում հանգամանքների բերումով ՀՀ քաղաքացիություն ստացած արական սեռի ներկայացուցիչների հարցը:
Ըստ պատգամավորի՝ հարցն ահագնացող է, քանի որ այս երիտասարդները 18 տարին լրանալուն պես ՀՀ-ում զորակոչվում են բանակ, որի պատճառով շատերն ստիպված են լինում մինչև 27 տարին լրանալը չգալ Հայաստան:
Հարցին ի պատասխան՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ այս պահին հարցը բավարարել հնարավոր չէ: Նրա խոսքով՝ այն ունի նաև բացասական պոտենցիալ:
«Իմ նախնական դիրքորոշումը, ցավոք, բացասական է, բայց մենք միշտ բաց ենք քննարկման համար, որպեսզի ամբողջությամբ և խորությամբ հասկանանք խնդիրը և Ձեր առաջարկության բովանդակությունը: Առաջին հայացքից անարդար թվացող այդ խնդիրն ունի մեծ պոտենցիալ նաև հնարավորություններ ստեղծելու զարտուղի ճանապարհներ՝ ՀՀ առաջ պարտքը կատարելու պարտավորությունից, ինչը ինձ համար ակնհայտ տեսանելի է:
Այսօր բազմաթիվ քաղաքացիներ իրենց զավակներին X տարիքում այլ երկրի քաղաքացի են դարձնում, որի արդյունքում նրանք ազատվում են մեր երկրի առաջ իրենց ունեցած պարտավորություններից, սակայն օգտվում են բոլոր արտոնությոններից»,- ասել է Պապիկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: