Ամեն ինչ անում ենք, որ բանակն ուղղի իր մեջքը, երաշխավորի պետության անվտանգությունը, Հայոց բանակի օրը՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողներին ասել է Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ աշխատանքներ են իրականացվում բանակի մեջքն ուղղելու համար։
Նա ընդգծել է, որ բոլոր երկրների անվտանգության երաշխավորը բանակն է։
«Մեր բանակն անցել է փորձությունների միջով։ Այսօր թե՛ Պաշտպանության նախարարության, թե՛ ԶՈւ գլխավոր շտաբի բոլոր զինծառայողները պետք է ջանք ու եռանդ չխնայեն՝ ունենալու այնպիսի բանակ, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոն գանք հպարտությամբ, հարգենք մեր զոհված ընկերներին, եղբայրներին, ովքեր իրենց կյանքը չեն խնայել հանուն մեր հայրենիքի: Մենք պետք է այնպիսի բանակ ձևավորենք, որն անվտանգություն կերաշխավորի և իր հզորությամբ կամրապնդի մեր երկրի սահմանների ամբողջ անվտանգությունը»,- հավելել է փոխնախարարը։