Այս պահին սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով՝ այս պահին սահմանին կուտակումներ չկան: «Վերջին մի քանի ամիսների իրավիճակը կարելի է բնորոշել նույն կերպ, որը կայունության և հանդարտության որոշակի նշաններ է իրենից ներկայացնում»,- նշել է Պապիկյանը:
Նախարարը 2023թ. բարդ տարի է համարել Զինված ուժերի համար, բանակն ունեցել է խնդիրներ, բայց նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների տարի է եղել: Հենց այդ բարեփոխումները, ըստ նախարարի, պետք է դառնան բանակի վաղվա օրն ու ապագան:
Պապիկյանն առանձնացրել է ատեստավորման գործընթացը, որը հնարավորություն է տալիս պայմանագրայիններին ու սպաներին ինքնակատարելագործվել՝ միևնույն ժամանակ բանակին հաղորդել նոր որակ:
«Արդեն ատեստավորված պայմանագրայինների թիվը մի քանի հազար է: Պայմանագրայինները և սպաները մեծ էնտուզիազմով են մասնակցում: Ծրագիրը հնարավորություն է տվել ընդհուպ կրկնապատկել աշխատավարձերը, որով լուծվում է սոցիալական, մոտիվացիոն և կադրերի վերափոխման մեր դրած նշաձողին հասնելու խնդիրը»,- ավելացրել է նա:
Անդրադառնալով բանակի առջև դրված խնդիրներին՝ Պապիկյանն ընդգծել է, որ ՀՀ-ն որևէ երկրի նկատմամբ նկրտում, տարածքային պահանջ չունի: «Զինված ուժերի նպատակը, առաքելությունը ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է»,- հայտարարել է Պապիկյանը: