Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստատեսության եթերում նոր զինատեսակների հետ կապված գործընթացում ՀՀ-ի նոր գործընկերներ է անվանել Ֆրանսիային ու Հնդկաստանին: Նա նշել է, որ այլ երկրներ ևս կան, որոնց մասին նախընտրել է չմանրամասնել:
Պապիկյանն ընդգծել է, որ զենք-զինամթերքի ձեռքբերման ուղղությամբ Հայաստանն ունի բավական առաջընթաց և մեկնարկած պրոցեսը դրական առումով անդառնալի է:
Նա համոզմունք է հայտնել, որ պայմանագրերը, գործընթացներն էապես փոխելու են վաղվա օրվա մեր բանակի սպառազինության որակը:
«Նոր զինատեսակները պահանջում են լեզվի իմացություն, ադապտացիա, մեր բանակն այսօր անցնում է այդ պրոցեսը, ինչը բարդ, բայց նաև շատ կարևոր փուլ է մեզ համար»,- հավելել է նա:
Պապիկյանը տեղեկացրել է, որ այս տարի պատրաստ կլինի զինվորական դաշտային համազգեստի վերջնական տեսքը:
«ՆԱՏՕ-ի չափորոշիչների համապատասխան՝ համազգեստի մրցույթի հրավերը հայտարարել ենք դեռ 2022թ., որոշ չափով ունենք հաղթողներ, մեզ շարունակում են օգնել մեր միջազգային գործընկերները: Մրցույթ կհայտարարենք, որի արդյունքում կունենանք բավականին հարմարավետ, որակյալ նոր համազգեստ»,- ընգծել է նախարարը՝ ավելացնելով, որ օրենսդրական փոփոխությամբ արգելել են նոր համազգեստի վաճառքը, այլ անձանց ձեռքում հայտնվելը:
2023թ. նոյեմբերին Պապիկյանը հայտարարել էր, որ բաց մրցույթ են հայտարարել՝ նպատակ ունենալով ներգրավել այն մասնագետներին, ովքեր կարող են ներկայացնել իրենց պատկերացումները նոր համազգեստի մասին: