ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ «2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրված իրավախախտումների, դեպքերի ու պատահարների առաջացման նախադրյալները և դրանց կանխարգելման հիմնական ուղիները» թեմայով, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Գերատեսչության փոխանցմամբ՝ հավաք-խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել զինծառայողների միջև ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների առաջացմանն ազդող գործոններին, դրանց կանխարգելման ուղիներին, զինված ուժերում արձանագրված իրավախախտումների վիճակագրությանը, արատավոր բարքերի դեմ պայքարին, զինված ուժեր դրանց ներթափանցումը բացառելուն ուղղված աշխատանքներին և կանխարգելիչ միջոցառումներին, ինչպես նաև մի շարք այլ թեմաների։
Փետրվարի 2-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստաընկերության եթերում բանակում ոչ մարտական պայմաններում մահերի թվի մեջ ինքնասպանություններից, սպանություններից բացի առանձնացրել էր ՃՏՊ-ների, հիվանդության հետևանքով դեպքերը: Նա նշել էր, որ բանակը հասարակության մի մասն է և հանդիսանում է նրա հայելին, սովորական կյանքում սպանության ու ինքնասպանության դեպքերն իրենց արտացոլումն են ունենում բանակի վրա: Այդուհանդերձ, Պապիկյանն ընդունել էր, որ ոչ մարտական պայմաններում մահերն ամենացավալի խնդիրն են, ՊՆ-ն պետք է լուծի այս հարցը: