Ֆրանսիան Հայաստանում ռազմական խորհրդատու կունենա, որը մշտապես կգտնվի Հայաստանում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն։
Նա մատնանշել է Երևանի հետ Փարիզի ռազմական համագործակցության առաջնային ուղղությունները, որոնց թվում Երևանին պաշտպանական բնույթի զենքի վաճառքն ու հայ զինվորականների վերապատրաստումներն են։ Ֆրանսիացի նախարարը հայտնել է, որ Երևանը փետրվարի 22-ի երեկոյան ստացել է գիշերային տեսողության հեռադիտակների առաջին խմբաքանակը ու նշել, որ առաջիկայում Փարիզը կուղարկի նաև «Բաստիոն» զրահամեքենաների խմբաքանակը։
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է Երևանին «Միստրալ» հրթիռներ մատակարերելու շուրջ Հայաստանի հետ բանակցությունների մասին։
«Մոտ ապագայում մենք կարող ենք «Միստրալ» հրթիռներ առաջարկել Հայաստանին։ Եղել է մեկ քննարկում, որը թույլ կտա առաջարկել այդ համակարգերը, որոնք հեշտ է օգտագործել։ Ֆրանսիան թարմացնում է նոր սերնդի Սամպ/Տ (Samp/T) հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնց ամբողջական թարմացումն սպասվում է 2026-2027 թվականներին: Շուտով կլինի նաև Ground Master (GM200) ռադարների մատակարարում։ Որքան մենք հզորացնում ենք մեր բազան, այնքան դա հայելային կերպով ընդլայնում է Հայաստանի հետ մեր պաշտպանական համագործակցության հնարավորությունը»,- նշել է նախարարը։
Նա առաջնահերթ կարևորել է պաշտպանական նշանակության սարքավորումները։
«Որևէ մեկը չի կարող քննադատել Հայաստանի բանակին իր պաշտպանության ունակությունները բարձրացնելու, ուժեղացնելու համար։ Այդ ջանքերը ձեզ թույլ կտան լավագույնս պաշտպանվել ձեր սահմանների շրջանակներում»,- հավելել է նախարարը։
Երևանի կատարած այցի շրջանակներում Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն ստորագրել են մի շարք պայմանագրեր, որից հետո Լեկորնյուն անվանական եղևնի է տնկել ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում:
2023 թվականի հոկտեմբերին Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական համագործակցության փաստաթղթեր էին ստորագրել և պաշտպանական համալիրների մատակարարման պայմանավորվածություն էին ձեռք բերել։ 2023-ի դեկտեմբերին Ֆրանսիայի Սենատի կոմիտեն երկրի իշխանություններին խորհուրդ էր տվել դիտարկել Հայաստանին Caesar հրետանային կայանքների մատակարարման հարցը։ Հայտարարել էին նաև «Միստրալ» հրթիռների մատակարարման շուրջ բանակցություններ մասին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 21-ին հայտարարել էր, որ Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության շրջանակներում Հայաստանի խնդիրը տարածաշրջանում «ճիշտ բալանս» ձևավորելն է:
Մանրամասները՝ տեսանյութում։