ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը երկու երկրների կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո պայմանավորվածություն են ձեռք բերել նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նիկոլաոս Դենդիասը, որը մարտի 4-ին ժամանել է Հայաստան, Պապիկյանի հետ քննարկել է 2023 թվականի դեկտեմբերին Աթենքում տեղի ունեցած բանակցությունների ընթացքը, կատարված աշխատանքները։ ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ համագործակցության մի շարք նոր ուղղություններ են նախանշվել։
2023-ի դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ-ում կողմերն ստորագրել էին Հայաստան-Հունաստան, Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության 2024 թվականի ծրագրերը։ Դեկտեմբերի 14-ին Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները Կիպրոսում ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր էին ստորագրել։