Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է պաշտպանության ոլորտում Հայաստանի, Հունաստանի, Ֆրանսիայի և Հնդկաստանի միջև քառակողմ համագործակցության մասին։
«Մենք ունենք եռակողմ պաշտպանական համագործակցություն, ինչպես նաև այլ եռակողմ, քառակողմ համագործակցություն Հնդկաստանի, Ֆրանսիայի հետ։ Հունաստանը վստահ է, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»,- հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարարը։
Նրա խոսքով՝ Հունաստանն այս տարածաշրջանում սկզբունքորեն դեմ է ցանկացած ռազմական գործողության և աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։
Սուրեն Պապիկյանն, իր հերթին, շեշտել է, որ գործընկերոջ հետ քննարկել են Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, անդրադարձել միևնույն արժեքները կրող այլ բարեկամ երկրների հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորությանը։
Պապիկյանը հավելել է, որ հույն գործընկերոջ հետ քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, կարևորել են 2023 թվականի դեկտեմբերին իր՝ Հունաստան կատարած այցի ընթացքում ստորագրված Հայաստանի և Հունաստանի կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը, դրա վավերացումից հետո ռազմատեխնիկական համագործակցությանը նոր շունչ հաղորդելը։
2023-ի դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ-ում կողմերն ստորագրել էին Հայաստան-Հունաստան, Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության 2024 թվականի ծրագրերը։ Դեկտեմբերի 14-ին Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները Կիպրոսում ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր էին ստորագրել։