Հունաստանը պաշտպանության ոլորտում կհամագործակցի Հայաստանի հետ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերը, հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը՝ «Naftemporiki» թերթին տված հարցազրույցում, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Նա նշել է, որ անօդաչու թռչող սարքերի և դրանց դեմ պայքարի համակարգերի տեխնոլոգիական զարգացումները համաշխարհային մակարդակում փոխել են պատերազմի վարման ձևը: Դենդիասի խոսքով՝ վերջերս Հայաստան կատարած այցի ժամանակ նա մանրամասնորեն տեղեկացել է ժամանակակից մարտադաշտում անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին։
«Հիշեցնեմ, որ Հայաստանի զինված ուժերի վրա հարձակվել է մի բանակ, որը զանգվածաբար անօդաչու թռչող սարքեր է կիրառել, այդ թվում՝ «Բայրաքթար» անօդաչու սարքեր։ Նույն պատճառով Հայաստանի հետ կհամագործակցենք պաշտպանական համագործակցության երկկողմ համաձայնագրերի շրջանակներում՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերը»,- ասել է նա։
Նախարարն ընդգծել է, որ Հունաստանը գիտակցում է այդ տեխնոլոգիաների կարևորությունը և ակտիվորեն աշխատում է նոր էկոհամակարգի շրջանակներում այս ոլորտում իր կարողությունների ամրապնդման ուղղությամբ։ «Մենք արագ կաշխատենք այս ոլորտում մեր հարևան երկրների հետ բացը լրացնելու, ինչպես նաև Հունաստանի տարածքը ծածկող հակադրոնային «գմբեթ» ստեղծելու ուղղությամբ»,- ասել է Դենդիասը:
Հունաստանի պաշտպանության նախարարը Հայաստան էր այցելել մարտի 4-ին։ Այցի ընթացքում Դենդիասը հայտարարել էր պաշտպանական ոլորտում Հայաստանի, Հունաստանի, Ֆրանսիայի և Հնդկաստանի միջև քառակողմ համագործակցության մասին, ինչպես նաև նշել, որ իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ ստորագրել է մի շարք ռազմական համագործակցության ծրագրեր, որոնց շրջանակներում երկրները կկարողանալ համատեղ զորավարժություններ անցկացնել: 2023 թվականի դեկտեմբերին երկու երկրների պաշտպանության նախարարները համաձայնագիր էին ստորագրել ռազմատեխնիկական համագործակցության մասին։