Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում ՔՊ-ի հետ հանդիպմանը բողոքել է, որ չեն կարողանում պատշաճ իրականացնել վարժական հավաքները, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ խորհրդարանում տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ նախարարը հույս է հայտնել, որ գործընթացը կհեշտանա, երբ ուժի մեջ մտնի էլեկտրոնային ծանուցման համակարգը, և ծանուցագրերը հրապարակվեն azdarar.am կայքում։
«Գերատեսչության հրամկազմի այս առաջարկը, որին ուզում են օրենքի ուժ տալ, միանշանակ չի ընդունվել, քանի որ Հայաստանում քիչ չեն համայնքները, որտեղ անգամ ինտերնետ կապի խնդիր կա, ոչ բոլորը կարող են մուտք գործել կայք ու հայտնաբերել իրենց վերաբերյալ «սև թուղթը», ուստի առաջարկվել է շարունակել այլ գործիքակազմ մտածել»,- գրել է թերթը։
Ըստ թերթի աղբյուրների՝ Պապիկյանը քննարկել է նաև վարժանքներից խուսափողների քրեական պատիժը խստացնելու հարցը, որը ևս կխթանի մյուսներին չխուսափել հավաքներից։ Թերթը հավելել է, որ ՊՆ-ն ուզում է «աշխարհազորի» անվանումը և հասկացությունը փոխել՝ որպես ՀՀ-ի վրա զինված հարձակման, անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության մասին եզրույթ: Նախատեսվում է այն իրականացնել տարածքային սկզբունքով՝ ըստ մարզերի խմբեր ձևավորելով։
Կառավարությունը 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը հայտարարել է պահեստազորայինների համար նախատեսված վարժական հավաքներ։ Որոշումն ընդունվել է կառավարության մարտի 14-ի նիստում։
Մարտի 14-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ պատգամավորները 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների համար նախատեսված պատիժը խստացնելու օրենսդրական նախագիծ են քննարկել՝ 2 ամսից մինչև 2 տարի ժամկետով ազատազրկելու եղանակով։