ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի ու տելեգրամյան ալիքներում ՀՀ ԶՈւ զորաշարժի մասին տարածված տեղեկությունները՝ հայտարարելով, որ սահմանին օպերատիվ իրավիճակը կայուն է, տեղեկանում ենք ՀՀ ՊՆ հաղորդագրությունից։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել են ՀՀ ՊՆ-ից։
ՊՆ-ից հավելել են, որ մարտի 30-ին տելեգրամյան մի շարք ալիքներում տարածվել են ՀՀ ԶՈւ շարքերը համալրած նորակոչիկ վարորդների՝ ուսումնական գործընթացի շրջանակում կատարած ավտոերթի լուսանկարներ, որոնք ադրբեջանական կողմը փորձել է որպես զորքերի տեղաշարժ ներկայացնել։
«Փորձել են լուսանկարները ներկայացնել որպես դեպի սահմաններն ուղղված զորաշարժ, ինչն իրականությանը չի համապատասխանում: Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում»,- եզրափակել են ՊՆ-ից։
Մարտի 13-ին ԱՄՆ հետախուզությունը նախազգուշացրել էր Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման սպառնալիքի մասին` Նախիջևանին կապող ցամաքային միջանցք ստանալու համար: Մարտի 30-ին Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը հայտնել էր, որ ադրբեջանական մեդիատիրույթում ակնհայտորեն պատրաստություններ են ընթանում՝ հնարավոր էսկալացիա կազմակերպելու համար։ Նա մանրամասնել էր, որ Ադրբեջանի ՊՆ ղեկավարը նիստ է հրավիրել և հրահանգներ տվել, դրան զուգահեռ ադրբեջանական տելեգրամյան ալիքներն էլ կեղծ տեղեկություններ են հաղորդում, թե իբրև հայկական կողմը տեխնիկա է մոտեցնում սահմանին։