ՀՀ զինված ուժերում 2023-ին՝ 2022-ի համեմատ, ավելացել են մարտական և ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերը, այդ մասին են վկայում Հայաստանի գլխավոր դատախազության հրապարակած տվյալերը։
2023-ին, ընդհանուր առմամբ, 54 զինծառայող է մահացել, 2022-ին մահացել էր 32 զինծառայող։ Դատախազության տարեկան զեկույցի համաձայն՝ 2023 թվականին զինծառայողների մահվան դեպքերը 2022-ի համեմատ 69%-ով (22 դեպքով) ավելացել են։
Մահվան 54 դեպքի թվում և՛ մարտական, և՛ ոչ մարտական պայմաններում արձանագրված դեպքերն են։ Դատախազությունում այս ցուցանիշը պայմանավորող էական գործոն են համարել Ազատ գյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան դեպքը։ Միևնույն ժամանակ՝ նշել են, որ եթե 2022-ին հակառակորդի կողմից կատարված սպանությունների դեպքերի թիվը 14 էր, ապա 2023-ին այդ թիվն ավելացել է 5-ով։
«2023-ին հակառակորդի կողմից սպանվել է 19 զինծառայող։ ՀՀ ԶՈւ-ում սպանության 3 դեպք է արձանագրվել։ Ավտովթարից մահացել է 2, վտանգ ներկայացնող ռազմամթերքի և այլ նյութերի հետ վարվելու կանոնների խախման հետևանքով՝ 17 զինծառայող։ 2023-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու պատճառով 5 զինծառայող է մահացել, ինքնասպանության են հասցրել 2 զինծառայողի։ Կայծակահարության հետևանքով մահացել է 1, հոսանքահարման հետևանքով 1, հիվանդության` 4 զինծառայող»,- ասված է դատախազության զեկույցում։
Պաշտոնական տվյալներով՝ 2023-ին ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 645 զինծառայող: 2022-ի համեմատ այդ ցուցանիշը նվազել է 314-դեպքով (33%):
«2023-ին 67 զինծառայող ստացել է մարմնական ծանր վնասվածք (2022թ․՝ 71), միջին ծանրության, թեթև և թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք է ստացել 532 զինծառայող (2022թ․՝ 679)»,- հավելել են դատախազությունում։
2023-ի հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով 15 զինծառայող էր զոհվել։ Քննիչները հրդեհի պատճառ էին համարել կապիտան Եղիշե Հակոբյանի կողմից վառարանը վառելու համար բենզինի օգտագործումը, նրան մեղադրանք էր առաջադրվել: Մեղադրանքներ էին առաջադրվել նաև բրիգադի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման և սպասարկման գծով տեղակալ Գոռ Աղեկյանին և հանրային կոմունալ ծառայության, հրդեհային անվտանգության և փրկարարական աշխատանքների ղեկավար, մայոր Մառլեն Սարգսյանին:
2024-ի փետրվարին ՊՆ-ում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ղեկավարությամբ անցկացվել էր հավաք-խորհրդակցություն, որտեղ քննարկել էին զինծառայողների միջև ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելման ուղիները։