Ապրիլի 1-ին լրանում է 2016-ի քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցը։ 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության նկատմամբ լայնածավալ հարձակողական գործողություններ էր սկսել՝ կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր տեսակները։ Առավել թեժ մարտեր էին ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային՝ Հադրութ և հյուսիսարևելյան՝ Մարտակերտ ուղղություններում։
Ադրբեջանը թիրախավորել էր նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել էր 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել և տեղափոխվել էր հիվանդանոց։ Ադրբեջանական կողմն ապրիլի 3-ին հայտարարել էր, որ միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակել էր մարտական գործողությունները և Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը։
Ապրիլի 5-ին հրադադար էր հաստատվել, ընթացել էին բանակցային գործընթացներ։ Վիեննայում տեղի էր ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով։ Այդուհանդերձ, Ադրբեջանը, ինչպես բոլոր ռազմական գործողությունների դեպքում, 2016-ին ևս անտեսել էր հրադադարը։ Ադրբեջանը մինչև ապրիլի 7-ը շարունակել էր դիմել սադրանքների։
Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել էին դիվերսիոն հետախուզական գործողություն, բայց ՀՀ ԶՈւ-ի կողմից հետ էին շպրտվել։ Ապրիլյան պատերազմում հայկական կողմն ունեցել է 110 զոհ և 120 վիրավոր։ Քաղաքացիական բնակչության շրջանում հայկական կողմից զոհվել է 4 անձ։ Ադրբեջանական կողմի զոհերի թիվը, ըստ Բաքվի պաշտոնական տվյալների, 93 է։