Կառավարությունն ընդունեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստազորային պատրաստության հրապարակային ծանուցման նախագիծը։ Որոշումն ընդունվեց կառավարության ապրիլի 12-ի նիստում։
ՊՆ-ն զորակոչի հրապարակային էլեկտրոնային ծանուցման օրինագիծն առաջարկել էր հունվարի 17-ին, որի համաձայն՝ ծանուցագիրը կհամարվի հանձնված ոչ միայն քաղաքացուն անձամբ տալով և պատվիրված փոստով ստացման տեղեկանքով, այլև էլեկտրոնային ծանուցման դեպքում։
Նախագիծը հստակեցնում է քաղաքացիներին զինվորական հաշվառման վայր ներկայանալու վերաբերյալ ծանուցումների գործընթացը՝ փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով։ Դա, նախագծի հեղինակների կարծիքով, հնարավորություն կտա լուծել խնդիրը, երբ քաղաքացիները խուսափում են ներկայանալ հաշվառման, որն առաջացել էր ավելի վաղ ծանուցումների չապահովման արդյունքում։ Նախագիծը հնարավորություն կտա նաև պատրաստության ենթարկել պահեստազորային հավաքներից խուսափածներին։
«Անտրամաբանական է, ամեն ծանուցում պետական բյուջեի վրա ծախս է: Եթե 10 հոգի պետք է հրավիրենք վարժանքի, ինչո՞ւ ենք 100 ծանուցում ուղարկում»,- հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մարտի 14-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ պատգամավորները 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների համար նախատեսված պատիժը խստացնելու օրենսդրական նախագիծ են քննարկել՝ 2 ամսից մինչև 2 տարի ժամկետով ազատազրկելու եղանակով։
Մարտի 15-ին ԶԼՄ-ները գրել էին, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում բողոքել է, որ չեն կարողանում պատշաճ իրականացնել վարժական հավաքները։
Կառավարությունը ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը հայտարարել է պահեստազորայինների համար նախատեսված վարժական հավաքներ։