Հայաստանը ռազմական կցորդ կնշանակի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատանը։ Որոշումը կայացվել է կառավարությա ապրիլի 12-ին կայացած նիստում։
Կցորդն աշխատանքը կսկսի 2025 թվականի հունվարի 1-ից։ Նախագծերի հիմնավորման մեջ նշվում է, որ կցորդի նշանակումը հնարավորություն կստեղծի երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև կապեր հաստատելու և խորացնելու, ռազմական ոլորտում հարաբերությունները զարգացնելու, համագործակցության ծրագրերի իրականացման մոնիթորինգի և Պաշտպանության նախարարության պատվիրակությունների այցելությունների կազմակերպմանն աջակցելու համար։
«Ռազմական կցորդը, հյուրընկալ պետության զինված ուժերի հրամանատարության հետ հաստատելով պաշտոնական հարաբերություններ, տեղի ռազմական գերատեսչության հրավերով կապահովի զորահանդեսներին, զորավարժություններին, զորաշարժերին, սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներին հայկական կողմի պաշտոնական ներկայացվածությունը, ինչպես նաև կայցելի ռազմաուսումնական հաստատություններ, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ և այլն»,- պարզաբանվում է փաստաթղթում։
ՀՀ ՊՆ անունից և երկրի Արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ՝ ռազմական կցորդը կարող է դիտորդական գործունեություն իրականացնել միջազգային իրավունքով սահմանված կարգով, նշված է նախագծում։
2023 թվականի մայիսի 17-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Հնդկաստանի դեսպանատանը ռազմական կցորդ նշանակելու մասին։ Հունվարի 25-ին Հայաստանը Չեխիայի և Ղրղզստանի դեսպանատներում ռազմական կցորդներ էր նշանակել։