Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
«Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ, պատժվում է մինչև 8 տարի ազատազրկմամբ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- մանրամասնել է Աբրահամյանը:
Նա հավելել է, որ ձևավորվել է քննչական խումբ, իրականացվում է նախաքննություն՝ ողբերգական ելքով դեպքի ամբողջական հանգամանքները, վթարի պատճառները պարզելու նպատակով։
Իրավապահներն իրականացնում են առաջնային քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ կատարում են դեպքի վայրի և վթարված ավտոմեքենայի զննություն։
ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ապրիլի 12-ին N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Վթարի հետևանքով կա 4 զոհ և 20 վիրավոր, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: